Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թել Ավիվը թույլ չի տա Իրանին միջուկային տերություն դառնալ
«Իրանի միջուկային ծրագիրը սպառազինությունների մրցավազքի նոր փուլի կհանգեցնի, Իսրայելը թույլ չի տա Թեհրանին միջուկային տերություն դառնալ»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը:
«Մենք խոսեցինք իրանական միջուկային ծրագրի և վտանգի մասին, որն այն ներկայացնում է ամբողջ աշխարհի համար... Միջուկային ծրագիրն արագ զարգանում է՝ առանց համապատասխան վերահսկողության: Կառավարիչների խորհրդի (ՄԱԳԱՏԷ) որոշում է պահանջվում»,- ասել է Լապիդը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:
«Սա խնդիր է ամբողջ աշխարհի համար. միջուկային Իրանը միջուկային մրցավազքի նոր փուլի կհանգեցնի՝ սպառազինությունների մրցավազքի Մերձավոր Արեւելքում: Վերջին բանը, որը մեզանից որևէ մեկը կցանկանար տեսնել, դա միջուկային զենքի՝ սխալ ձեռքեր ընկնելն է: Աշխարհը չպետք է թույլ տա, որպեսզի Իրանը զարգացնի իր միջուկային ներուժը: Եթե աշխարհը չկարողանա դա անել, Իսրայելն իրեն իրավունք է վերապահում գործել: Իսրայելը թույլ չի տա, որպեսզի Իրանը միջուկային տերություն դառնա»,- հավելել է նա:
Ավելի վաղ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարել էին, որ անհանգստացած են ՄԱԳԱՏԷ-ի տվյալներով այն մասին, որ Իրանը մինչև 20 տոկոս հարստացված մետաղ է արտադրել և ընդլայնել է հարստացված ուրանի արտադրման իր կարողությունը մինչև 60 տոկոս: Ռուսաստանի ԱԳՆ-ն նշել է, որ Իրանի գործողությունները հերթական շեղումն են ՀՀԳԾ-ից, սակայն դրանք մեծապես պայմանավորված են գործարքի վերականգնման առաջընթացի բացակայությամբ: