Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Մասնավորապես, Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ:
Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: