Արտաշիսյան 56 հասցեի պուրակն անցորդներին կպատմի՝ Գևորգ Ջավախյանն իր կյանքը զոհեց հանուն Արցախի (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» հայրենասիրական երգն այլ հնչողություն ուներ Երևանի Արտաշիսյան 26 հասցեում: 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանն, ասես, գերբնական ուժ գտած, իր կատարմամբ ոգի էր տալիս որդեկորույս տասնյակ մայրերի, որոնք եկել էին մասնակցելու հոկտեմբերի 28-ին զոհված Գևորգ Ջավախյանի անվան պուրակի բացմանը:
Արտաշիսյան 56 հասցեի բակն այլևս սովորականներից չէ, այստեղ ծնվել ու մեծացել է շարքային Գևորգ Ջավախյանը. տղան ապրեց ընդամենը տասինը գարուն, որտեղ խտացրեց մի ամբողջական հավերժական կյանք. դերասանական կարիերայից մինչև տանկի նշանառու օպերատոր. Գևորգի ձեռքն ինչին դիպել է, հաջողությամբ է պսակվել,- ընդգծել են հարազատները:
«Հոկտեմբերի 21-ին եղել է Աղդամում, դրանից հետո տեղափոխել են Կարմիր շուկա: Եղբայրս ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի կորուստներ: Դրանից հետո թշնամին ընկել է Գևորգի տանկի հետևից, երկու օր հետևել է 055 համարի տանկն ու նկարահանել ու արդեն խոցել տանկը: Գևորգը տանկի կողքին է եղել»,- լրագրողներին պատմել է զոհվածի ավագ քույրը՝ Սեդա Ջավախյանը:
«Տեր ողորմեա» շարականով և օծման կարգով` բացվեց կապուտաչյա հերոսի անվան պուրակը, որտեղ և տեղադրվեց խաչքար, որն այսուհետև անցորդներին կհիշեցնի` 19-ամյա Գևորգն իր կյանքը զոհեց հանուն Արցախի… Զինվորական պատիվներով հարգանքի տուրք մատուցեցին տղայի հիշատակին:
Մարտական ընկերը հիշում է`Գևորգը պատրաստված ու կազմակերպված շարքային էր, իր առջև դրված առաջադրանքները կատարում էր լավ և մի բան էլ ավելի: Տղան նույնիսկ մի քանի օր պայքարել է հիվանդանոցում, բայց ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ: