Ռուսաստանն ու Հայաստանը ազնիվ խաղ են վարում. «Ռոսիա 1»
«Ռոսիա 1» հեռուստաալիքը կիրակնօրյա տեղեկատվական վերլուծական հաղորդման շրջանակում անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով «Ռուսաստանն ու Հայաստանը ազնիվ խաղ են վարում» խորագրով ռեպորտաժը։
Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել Հայաստանի անկախության 25-ամյակին, երկրի ձեռքբերումներին, խնդիրներին, մարտահրավերներին։ Առանցքային տեղում է սիրիահայերի թեման, որոնք վերադարձել են հայրենիք՝ փրկվելով պատերազմից։
Ռեպորտաժում ներկայացված է Ռիտայի և Գևորգի կյանքը, որոնք ոչ մի քայլ չեն հեռանում վիրավոր հորից. Հալեպում բնակվող Գալստյանների ընտանիքի կյանքը մեկ րոպեում փլուզվել է։
«Ռումբն ընկավ մեր ննջասենյակ, որտեղ գտնվում էին երեխաներս ու ամուսինս։ Նրաք գոռում էին։ Ես հազիվ կարողացա գտնել երեխաներին և դուրս բերել փլատակների տակից։ Հինգ րոպե անց տան վրա ընկավ երկրորդ արկը, ամեն ինչ փլուզվեց»,- սարսափով հիշում է Գոհար Գալստյանը։
Գալստյանների ընտանիքն առանց գումարի, առանց իրերի Լիբանանով ժամանել է Հայաստան։
Հեռուստաալիքը պատմում է նաև սիրիահայ մեկ այլ ընտանիքի՝ Ռասթքելենյանների մասին։ Նրանք Հայաստան են ժամանել չորս տարի առաջ և սրճարան ունեն Երևանում։
«Հայաստանը և Ռուսաստանը վարել են և վարում են ազնիվ խաղ նաև քաղաքական դաշտում։ ՀԱՊԿ անդամ և դաշնակից երկրների միջև ապրանքաշրջանառությունը 450 միլիոն դոլար է։ Ակնկալիքներ կան, որ տնտեսական հարաբերությունների մակարդակն ավելի կբարձրանա՝ պայմանավորված նոր վարչապետի նշանակմամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին անվանել է փոփոխություններ իրականացնող անձ, մասնավորապես՝ ներքաղաքական։ Վարչապետը մտադիր է ամրապնդել արտաքին կապերը»,- ասվում է ռեպորտաժում։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵԱՏՄ կապերի ամրապնդմանը։