Գորիս-Կապան ավտոճանապարհի փակմամբ Ադրբեջանը խաթարում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյանը՝ Կոպիրկինի հետ հանդիպմանը
Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է խորացնել և ընդլայնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միջպետական օրակարգի բոլոր ուղղություններով, ինչն արձանագրված է նաև երեկ ընդունված կառավարության ծրագրում:
Նշվել է, որ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում իրադարձությունների զարգացման դինամիկան առավել կարևոր է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին նոր խթան հաղորդելու անհրաժեշտությունը:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի ջանքերի կապակցությամբ՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրականացմանը: