Հայաստանն էլ պետք է ունենա ատոմային զենք. Նորատ Տեր-Գրիգորյանց
Հայաստանը պետք է ունենա ռազմական հզոր մեխանիզմ: Այս մասին Լրատվական Ռադիոյի եթերում հայտարարել է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Վերջինս մանրամասնելով ասել է, որ Հայաստանը ռազմական տեսանկյունից պետք է ունենա «հատուցման» և «զսպման» զենքեր:
«Ռուսաստանում հիմա այսպես է՝ եթե ՌԴ վրա մեկը հարձակվի ու Ռուսաստանի Զինված Ուժերը չկարողանան հաղթել, ապա ՌԴ-ն իրավունք կունենա կիրառել ատոմային զենք: Հայաստանն էլ պետք է ունենա ատոմային զենք, բայց մենք չունենք: Չգիտես ինչու՝ Պակիստանին, Իսրայելին թույլատրել են ատոմային զենք ունենալ, չգիտես ինչու՝ Թուրքիայում էլ կա ատոմային զենք: Ինչո՞ւ ՄԱԿ-ը, կոպիտ ասած, հրաման չտա, Հայաստանում էլ չապահովել ատոմային զենքի ստեղծման հնարավորություն, որ ոչ մի սրիկա չհարձակվի Հայաստանի վրա»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Ըստ նրա՝ Հայաստանն ունի համապատասխան ռազմական գիտության մասնագետներ, ովքեր կարող են իրականացնել այս գործը: