Ալիեւի մատնահետքը Էրդողանի դեմ մահափորձում
Լրագիր\ Թուրքական Հյուրրիեթը հայտնել է, որ Իսլամական պետությունը ծրագրել էր սպանել Թուրքիայի նախագահ Էրդողանին, երբ նա կվերընտրվեր իր առաջնորդած կուսակցության նախագահի պաշտոնում: Ըստ թերթի, իրավապահներին պատրաստվող ահաբեկության հետքի վրա է բերել Ստամբուլում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացին:
Տեղեկությունը խորհրդանշական է այն իրադրության ֆոնին, որում հայտնվել են երկու «եղբայրները»: Իսկ իրադրությունը բավական բարդ է, այնպիսին, որը բավական հիմք է ստեղծում եզրակացնելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը որքան էլ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքն են հռչակել, այդուհանդերձ սկսել են էապես խանգարել միմյանց:
Համենայն դեպս, ներկայում կարծես թե այդքան էլ ավելորդ կամ անպատեհ չի լինի հարցը, թե արդյոք Բաքուն Անկարայի համար միջոց է, մաս, թե՞ խնդիր, բեռ:
Էրդողանը փորձում է կառուցել նախագահական Թուրքիա, որում կունենա մենիշխանություն: Այդ հանգամանքը Էրդողանի համար լրջագույն մարտահրավերներ է առաջ բերել թե երկրի ներսում, որտեղ բնակչության գրեթե 50 տոկոսը դեմ է նրա ծրագրերին, թե արտերկրում, որտեղ Անկարան լրջագույն խնդիրներ ունի թե Եվրամիության, թե Վաշինգտոնի հետ:
Ընդ որում, թեեւ Թուրքիան կարծես թե հաշտության փուլում է Ռուսաստանի հետ, այդուհանդերձ այստեղ էլ իրավիճակն ամենեւին միարժեք չէ: Մի քանի շաբաթ առաջ Սոչիում ընդունելով Էրդողանին, Պուտինն արձանագրեց, թե հարաբերությունը մտել է բնականոն գործընկերության փուլ: Ուշադրության է արժանի, որ ՌԴ նախագահը չօգտագործեց ռազմավարական գործընկերություն արտահայտությունը, որով բնորոշում էր Անկարայի հետ հարաբերությունը մինչեւ հայտնի գժտությունը թուրք-սիրիական սահմանին խոցված ռուսական օդանավի առիթով:
շարունակությունը՝ կայքում