Հունաստանում գրանցվել է COVID-19-ի դեմ պատվաստում ստացած քաղաքացու՝ կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը
Հունաստանում գրանցվել Է կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած մարդու մահվան երկրորդ դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը:
Օգոստոսի 22-ի գիշերը Զակինտոս կղզու հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահացել Է 77-ամյա մի տղամարդ: Նա կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված բաժանմունք Էր ընդունվել հուլիսի 30-ին, օգոստոսի 10-ից միացված Է եղել արհեստական շնչառության սարքին, հաղորդել Է հեռուստաալիքը:
«Տղամարդը պատվաստում ստացել Էր, բայց նրա իմունիտետը չափազանց թույլ Էր շատ լուրջ հիմնական հիվանդության պատճառով, որի դեմ, հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն, նա ստացել Է ուժեղ ներգործող դեղամիջոցներ, որոնք զգալիորեն ազդել են պատվաստանյութի արդյունավետության վրա»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Կորոնավիրուսի դեմ լրիվ պատվաստում ստացած և հիմնական հիվանդություններ չունեցող հիվանդի մահվան առաջին դեպքի մասին օգոստոսի 16-ին հայտնել Է Սալոնիկի «Պապանիկոլաու» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի երկրորդ բաժանմունքի տնօրեն Նիկոս Կապրավելոսը:
Նա դա բացառություն Է համարել: Հունաստանում օրական հայտնաբերվում Է կորոնավիրուսով ախտահարման ավելի քան 3 հազար դեպք:
Օգոստոսի 22-ի տվյալներով, երկրում համավարակի սկզբից ի վեր ախտահարվել Է գրեթե 560 հազար մարդ, մահացել Է 13 հազար 384 մարդ:
Ավելին․․․