Տարբեր տրամաչափի զենքերից կրակել են գյուղերի վրա, այս պահին դրությունը հանդարտվել է. Գեղամասարի համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին հանգիստ է։
NEWS.am-ի հետ զրույցում Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասաց, որ կրակը դադարել է ժամը 01։00-ի սահմաններում։
«Գյուղերում արդեն լուրջ անհանգստություն կա։ Այս ամենն արդեն դարձել է շարունակական պրոցես, մի օր չի, գրեթե ամեն օր է։ Տարբեր տրամաչափի զենքերից կրակում էին։ Արդեն գյուղերի վրա են կրակում»,- ասաց Հակոբ Ավետյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին սրվել է իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր: