Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռում գտել են երեք ուղեւորի մարմին եւ «սեւ արկղը»
Կուրիլյան լճում ընկած Մի-8 ուղղաթիռում հայտնաբերել են նրանում գտնվող երեք ուղեւորի մարմին, ինչպես նաեւ, ենթադրվում Է, «սեւ արկղը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կամչատկայի երկրամասի կառավարության փոխնախագահ Ռոման Վասիլեւսկին:
«Այսօր ուղղաթիռի եւ մարմինների որոնման ու դուրսբերման հիմնական բեռն ընկած Է զինվորականների եւ ԱԻՆ-ի աշխատակիցների վրա: Այժմ բարձրացվել Է հինգ զոհվածի մարմին, երեք մարմին հայտնաբերվել Է ուղղաթիռի ներսում»,-ասել Է Վասիլեւսկին, որի խոսքը մեջբերվում Է երկրամասի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նրա խոսքով՝ տեղում աշխատում Է զինվորականների երեք ստորաբաժանում՝ տարբեր հատուկ սարքավորմամբ, եւ ԱԻՆ-ի ջրասուզակներ:
«Այսօր զինվորականները հետազոտում են լճի հատակը: Մոտ օրերս որոշում կընդունվի այն մասին, թե ինչ եղանակով ուղղաթիռը դուրս բերել մակերեւույթ: Այսօրվա դրությամբ զինվորականներն զբաղվում են բեկորների հայտնաբերմամբ եւ քարտեզի վրա նշում, թե որտեղ են դրանք գտնվում: Ուղղաթիռի բոլոր հիմնական մասերը գտնվել են»,-հավելել Է կառավարության փոխնախագահը:
Նա նշել Է, որ օգոստոսի 15-ին փորձ Է արվել հայտնվել ուղղաթիռի ներսում: Ելանցքի միջոցով հատուկ սարքավորման օգնությամբ օդանավում հայտնաբերվել Է երեք զոհվածի մարմին եւ, ենթադրաբար, «սեւ արկղը»: «Մասնագետները փորձում են բացել հետեւի փեղկը, որպեսզի այնտեղ կարողանա մտնել դրոնը՝ մարմինները դուրս բերելու համար: Ուղղաթիռի ինքնագրիչի բարձրացման համար նույնպես հատուկ սարքավորում Է բերվել»,-ընդգծել Է Վասիլեւսկին: