Լոռիում ոստիկանների կողմից հետապնդվող մեքենան վթարվել է՝ դառնալով 2 մարդու մահվան պատճառ, ապա մի խումբ անձինք հարձակվել են ոստիկանների վրա, ջարդել УАЗ-ը, ապա հրկիզել նրանց «Վազ 2106»–ը. shamshyan.com
Օգոստոսի 14-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարց-Լորուտ միջգյուղական ավտոճանապարհին՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառը, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻն ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից, նշված վայրից «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 դի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ford Transit մակնիշի առանց համարանիշի, մեծ փայտանյութով՝ հաստաբուն կոճղերով, բարձված ավտոմեքենան Մարց-Լորուտ միջհամայնքային ճանապարհով անցնելիս է եղել, երբ այդ վայրում ոստիկանական ստուգիչ անցակետում ծառայություն կատարող ոստիկանները կանգնեցրել են առանց համարանիշի այդ Ford-ը, քանի որ նկատել են, որ այն անտառից է դուրս գալիս և ունեցել են կասկածներ, որ հնարավոր է՝ ավտոմեքենան բարձված լինի փայտով, սակայն Ford-ի վարորդը չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» պահանջին և էլ ավելի է սկսել արագ վարել ավտոմեքենան, որպեսզի շուտ հեռանա ոստիկանների տեսադաշտից։
Ոստիկաններն սկսել են հետապնդել և մի քանի անգամ բարձրախոսով հրահանգել են, որպեսզի նա ենթարկվի ոստիկանների «կանգ առ» պահանջին։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո Ford-ը կորում է ոստիկանների տեսադաշտից, ու նրանք սկսում են որոնել կասկածելի ավտոմեքենան։ Հասնելով արդեն Լորուտի վարչական տարածք՝ նկատում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել անտառում՝ բախվելով ծառին։ Դեպքի մասին տեղեկանում են ոստիկանության նրանց գործընկերներն ու Ալավերդու հիվանդանոցի բժիշկներն ու Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատը։ Արդեն տեղում հայտնաբերվում են մահացած տղամարդու 2 մարմին։