ԱԺ անվտանգության աշխատակիցները ԶԼՄ ներկայացուցիչներին պարտադրել են դուրս գալ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից և դադարեցնել իրենց մասնագիտական աշխատանքը, ինչն անընդունելի է․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն հրապարակել, որում ասվում է․
«Անթույլատրելի են այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը:
Ավելին, մի շարք լրագրողներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են, որ անվտանգության ծառայողներն իրենց նշել են, որ լրագրողներին կթույլատրեն օթյակում մասնագիտական աշխատանք կատարել, բայց նիստերի դահլիճում միջադեպերի դեպքում պետք է լքեն օթյակը և իրավունք չունեն միջադեպեր (նաև բռնություն) լուսաբանել, այդ թվում` նկարահանել:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` լրագրողին չի կարելի զրկել «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից:
Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում:
Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն):
Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում:
Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը:
Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է:
Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների:
Ավելին․․․