Վահան Զատիկյանի տղաների սպանության պատվերի գործը՝ եզրափակիչ փուլում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա երեքշաբթի օրվա դատական նիստում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի Մալաթիա–Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի երկու որդիների՝ Սեդրակի և Անդրանիկի սպանությունը 100000 դոլարով պատվիրելու մեջ մեղադրվող Նարեկ Խաչատրյանի գործը:
Այս գործով դատապարտված է ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականվամբ Հակոբ Հակոբյանի եղբորորդին՝ 33–ամյա Ստեփան Հակոբյանը. նա 15 տարվա ազատազրկման է դատապարտվել որպես սպանության պատվիրատու:
Իսկ Նարեկ Խաչատրյանի դատավարությունը եզրափակիչ փուլում է: Կողմերի մեղադրական և պաշտպանական ճառերը լսելուց հետո դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու:
Մեղադրող դատախազ Վահագն Պողոսյանը միջնորդել է հարցում ուղարկել ոստիկանությանը՝ պաշտպանված վկա Ահարոն Հակոբյանին հայտնաբերելու, ով բացակայում է հանրապետությունից: Այս վկային գաղտնազերծել էին սպանության մյուս պատվիրատու Ստեփան Հակոբյանի (ԱԺ նախկին պատգամավոր Լեդի Հակոբ մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանի եղբորորդու) դատավարության ընթացքում՝ չնայած նա խնդրել էր իրավապահներից չառերեսել իրեն մեղադրյալների հետ՝ զգուշանալով հնարավոր հետևանքներից:
Ըստ քրգործի նյութերի՝ վկա Ահարոն Հակոբյանը մաքսային ծառայության մի պաշտոնյայի ուղեկցությամբ սպանության պատվերի գումարի մի մասը վերցրել էր պատվիրատուներ՝ Ստեփան Հակոբյանից և Նարեկ Խաչատրյանից ու սպանությունից ժամեր անց տարել տվել էր մարդասպանին:
Գործով մյուս վկան՝ Արամ Արամյանը ինքնասպան է եղել անհասկանալի պատճառով ու հանգամանքներում՝ այդպես էլ չհասցնելով ցուցմունք տալ դատարանում: Չի բացառվում, որ այս հանգամանքն է նաև պատճառը, որ Ահարոն Հակոբյանը հեռացել է Հայաստանից:
26–ամյա Սեդրակ Զատիկյանի հայրը` Վահան Զատիկյանը մահացել է 1999 թ.–ի հոկտեմբերի 7–ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից:
Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006 թ. հունիսի 22–ին Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ–74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետևանքով վարորդ, 31–ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել:
Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 37–ամյա, 3 երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Իսկ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ 2013–ի հունվարի 13–ին՝ ժամը 7:00–ի սահմաններում հայտնաբերվել է 31–ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում