Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը
Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը. Հայ դատի հանձնախմբի կազմակերպած երկխոսությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մասնակցությամբ ադրբեջանական պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավմամբ, սահմանային բնակիչների իրավունքների և գերիների ազատ արձակման թեմաներով։
Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Մասնավորապես, Պաշտպանը ներկայացրել է ապացույցներ, որոնք հիմնավորում են, որ Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Նրանց ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է:
Ադրբեջանական զինծառայողները պարբերաբար առաջացնում են բերքահավաք և խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ, կատարում են կենդանիների գողություններ, հնչեցնում են բնակիչների նկատմամբ սպառնալիքներ և այլն: Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն: