Թատրոնները դեռ միավորված չեն, բայց կա նման գաղափար, դա լիովին տեղավորվում ԿԳՄՍՆ-ի ոլորտային քաղաքականության մեջ. Դումանյանը՝ կամերային և Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնների միավորման մասին
Թատրոնների՝ իրար միացումը բացարձակ օպտիմալացում չէ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Պետական կամերային երաժշտական թատրոնի ու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնի միավորմանը։
«Դեռևս միավորված չեն, բայց կա նման գաղափար և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չի։ Դա մանրակրկիտ քննարկվել է, միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չի։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց» , -ասաց նա։
Նա բացառեց լուրերը, որ թատրոնի շենքը դարձնելու են ռեստորան. «Չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբ, որը խորթ զավակ չի և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևիցե մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են»։