ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա, նաև ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացմանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիա: Նախագահ Սարգսյանը, ի թիվս մի շարք պետությունների ղեկավարների, ներկա կգտնվի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը:
Հայաստանի նախագահը կայսերական պալատում կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպվող պաշտոնական ընդունելությանը և զրույց կունենա կայսեր հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է նախագահ Արմեն Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը և երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև տեխնոլոգիական մի շարք հայտնի ընկերությունների ղեկավարների և գործարարների հետ` հայ-ճապոնական փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, ինչպես նաև կայցելի գիտակրթական հաստատություններ: