Սահմանային լարվածություններն առկա են․ արձանագրումը, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է․ Տիգրան Ավինյան
Սահմանայնին լարվածությունները, այո, կան, առկա են, և դրանք ստեղծում է ադրբեջանական կողմը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե սահմանին իրավիճակը լարվում է, այսօր զոհ է եղել, կորած զինծառայողներ կան։
«Կարծում եմ՝ սա շատ կարևոր արձանագրում է, որ մենք պետք է ֆիքսենք։ Երբ փորձում ենք այլ մեղավորներ փնտրել, դա մեզ շատ սխալ տեղ է տանում։ Արձանագրումը, որ ադրբեջանական կողմն է հաճախակիորեն լարվածություններ ստեղծում սահմանին, շատ կարևոր է, որ ինքներս հասկանանք, ընդունենք, ինչպես նաև համոզենք մեր միջազգային գործընկերներին»,-ասաց նա։
Ըստ Ավինյանի՝ բոլոր նմանատիպ սահմանային լարվածություններին պետք է տալ սիմետրիկ, հնարավորինս զսպված պատասխաններ, բայցև հասկանալ, որ սահմանային անվտանգության պահպանումը մեր ԶՈւ-ի, սահմանապահ զորքերի պարտականությունն է։
Ինչ վերաբերում է սահմանազատմանը, փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց․ «Վաղ թե ուշ, ինչ-որ մի օր անպայմանորեն մեր սահմաններին սահմանագծում և սահմանազատում պետք է տեղի ունենա մեր բոլոր հարևանների հետ, բայց շատ կոպիտ խախտել մեր սահմանը և տեղակայվել մեր սահմանի ներսում, և նույնիսկ շանտաժային մեթոդով փորձել մղել մեզ ինչ-որ գործողությունների՝ անարդյունավետ ճանապարհ է, որևէ արդյունք չի կարող տալ։ Շանտաժի մեթոդը, նմանատիպ մոտեցումը ՀՀ իշխանությունների և ՀՀ ժողովրդի համար չեն կարող ընդունելի լինել։ Անպայմանորեն պետք է նստել բանակցությունների սեղանին, բայց առաջին հարցը, որ պետք է քննարկվի, ադրբեջանական զորամիավորումների հեռացումն է ՀՀ տարածքից»,-ասաց նա։