Դուք եք վերցնելու ՀՀ–ի ապագա 100 տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար պատմական ողջ պատասխանատվությունը․ Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ–ին
Ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, մարդկանց հոգեբանական ահաբեկումն ու նվաստացումը որևէ աղերս չունեն ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ ազատ ընտրությունների սկզբունքի հետ։ Այս մասին այսօր Սահմանադրական դատարանում իր ելույթում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
Նա նշեց, որ իր պնդումն էր, որ Նիկոլ Փաշինյանն ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Ապա նա ներկայացրեց իր ինը թեզերը, հիմնավորումները։ Դավիթ Հարություննյանը խորհուրդ տվեց դատավորներին և բոլորին դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը և հավելեց, որ ցավոք դուք կտեսնեք այսօրվա Հայաստանը։
«Սահմանադրական դատարանն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալու ՀՀ–ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպանը, դառնալու արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ»,– ասաց նա։
Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջնորդությունն ունի իր գինը, և դատավորները պետք է պատրաստ լինեն այն վճարելու։ Ըստ նրա՝ այդ գինը շարունակական աշխատանք է, որոշումներ կայացնելու համարձակություն, ճնշմանը դիմակայելու ունակություն։
«Ի վերջո, ոչ մեկ չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր։ Ինչ վճիռ էլ դուք չկայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է, բայց ձեր վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կգնա մեր երկիրը։ Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ստորագրելու է Պուտինի բառերով՝ բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր։ Պարզ է, որ խոսքը տարածքների, ստանձվող պարտավորությունների և զիջումների վերաբերյալ միջազգային պայմանագրերի մասին է, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն այս երկուսն են՝ Ազգային ժողովը և դուք, բարձր դատարա՛ն»,– ասաց նա և նկատեց, որ ԱԺ–ում որոշումներ են ընդունվելու միանձնյա։
Ավելին․․․