Գործում է զուտ մարդկային վրեժխնդրությունը․ Արծվիկ Մինասյանը՝ Մեղրիի նախկին քաղաքապետի կալանքի միջնորդության մասին (տեսանյութ)
Այս ամենը կոչվում է իրավական «բեսպրեդելություն», որևէ իրավունք, որևէ օրինականություն, օրենք այստեղ չի գործում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետի Մխիթար Զաքարյանի կալանքի միջնորդության քննությանը։
«Այստեղ գործում է իշխանությունը բռնազավթած մի խմբի կամայական վարքագիծ՝ ուղղված նրանց, ովքեր համարձակություն են ունեցել դեմ արտահայտվել ազգադավ վարքագծին, մարդկանց»,–ասաց նա և զավեշտ համարեց այս գործում իրավական հիմքերի մասին խոսելը։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում, ոչ միայն ազնիվ մարդկանց ընդվզումը պետք է առաջացնի, այլ նաև բոլոր այն միջազգային կառույցների, որոնք այլ դեպքերում կուրծք են ծեծում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իսկ այսօր լռում են։
Ըստ նրա՝ այս ամենով փորձում են վախ սերմանել, կոտրել պայքարողների դիմադրությունը։ «Այստեղ գործում է զուտ մարդկային վրեժխնդրությունը»,– ասաց նա և նշեց, որ այս սանձարձակությունը բոլոր սահմաններն անցել է։