Ավելի քան 9 մլն դոլար. Ֆրագոնարի վերջերս հայտնաբերված կտավը վաճառվել է աճուրդում (լուսանկարներ)
18-րդ դարի հայտնի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարի անհայտ աշխատանքը, որը հայտնաբերվել էր տարվա սկզբին, աճուրդի է հանվել, հայտնում է UPI լրատվականը։
Աճուրդի ընթացքում արժեքը հասել է 9,1 միլիոն դոլարի, ինչը մի քանի անգամ ավելի էր, քան ակնկալում էին փորձագետները՝ կտավը գնահատելով 1,5-2 միլիոն եվրո։ Գնորդի ինքնությունը հայտնի չէ։
Փոքր օվալաձև նկարը, որը կոչվում է «Կարդացող փիլիսոփան», կախված է եղել տան պատին, որը ժառանգություն է ստացել ֆրանսիական Մառն դեպարտամենտում բնակվող ընտանիքը:
Կտավի նոր տերերը նկարի հեղինակին չեն իմացել և որոշել են այն մասնագետներին ցույց տալ: Մասնագետները ճանաչել են կտավի հեղինակին, իսկ հեղինակի ինքնության հետ կապված վերջին կասկածները ցրվել են կտավի հետնամասում գտնվող Fragonard ստորագրության շնորհիվ: Ըստ ամենայնի, կտավը նկարվել է 1768-1770 թվականներին:
Ֆրանսիացի նկարիչ Ֆրագոնարը ռոկոկո ոճի ամենահայտնի ներկայացուցիչներից է, որի կտավները լավ վաճառվել են մինչև ֆրանսիական հեղափոխությունը, իսկ դրանից հետո նա սննկացել է և հեռացել Փարիզից։ Ավելի ուշ նա վերադարձել է մայրաքաղաք, որտեղ ել 1806 թվականին մահացել է։