Ես փախչող տեսակ չեմ, ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի, հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը․ Ա․ Հարությունյան
Պետությունը պատրաստ է արժանապատվորեն ու պատշաճորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները։ Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, ապա օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը։ Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից․ ամենևին ո՛չ։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ հանկարծ իմ հուզական և անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը, որ հանկարծ իմ ժողովուրդը, ներառյալ՝ հրաժարականս պահանջող անձինք, չմնան պետականության փլատակների տակ: Ես փախչող տեսակ չեմ և մեր նահատակների ու պայծառ գալիք սերունդների առջև պարտական եմ զգում ալեկոծված ծովում նավը չթողնել առանց նավապետի»,-հայտարարել է նա։
Վերջինս անդրադարձել է նաև փախուստի, դավաճանության, Արցախում մնալ-չմնալու մասին խոսակցություններին: