Ադրբեջանն Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց Հայաստանին է վերադարձրել 15 գերի
2021 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները:
Այս մասին տեղեկացնում է Trend.az կայքը` հղում տալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը:
Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում լուրը հաստատել է նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մեր գերեվարված եղբայրներից 15-ը վերադառնում են ՀՀ»,– ասել է նա։ Փաշինյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ ընդգծելով, որ չեն կասկածում՝ բոլոր եղբայրներին վերադարձնելու են։
Փաշինյանի խոսքով՝ վերադարձող գերիները այժմ Հայաստանի ճանապարհին են, և նրանց՝ տեղ հասնելուց հետո կհայտնեն անունները։ «Ես ուզում եմ նախապես ներողություն խնդրել այն ընտանիքներից, որոնց զավակները այսօր չեն վերադառնում։ Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Սա է ճանապարհը, մենք խումբ-խումբ մեր եղբայրներին պետք է վերադարձնենք և մենք ամեն ինչ անում ենք այդ նպատակն իրագործելու համար»։
Ավելին․․․
Աղբյուր