Ռաշմոր լեռան մոտիվներով. բրիտանացին արդյունաբերական թափոններից «կերտել» է G7-ի առաջնորդներին (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Քորնուոլ կոմսությունում մեկնարկել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը. յոթ պետությունների առաջնորդները հանդիպել են Կարբաս Բեյ հանգստավայրում: Արվեստագետ Ջո Ռաշն այս իրադարձությանը նվիրված ինստալյացիա է հեղինակել, որը պատկերում է գագաթնաժողովի մասնակիցներին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, գրում է sputniknews.com-ը:
Նշվում է, որ արդյունաբերական թափոններից պատրաստված քանդակը նման է ԱՄՆ-ում Ռաշմոր լեռան վրա պատկերված քանդակին, որը հարգանքի տուրք է ԱՄՆ 4 նախագահներին:
Ջո Ռաշը Mutoid Waste ընկերության հիմնադիրն է, որն արվեստի գործեր է ստեղծում արդյունաբերական թափոններից: Քորնուոլի լողափին հայտնված հսկա քանդակը նույնպես պատրաստված է «դարն ապրած» էլեկտրոնիկայի դետալներից:
Ինստալյացիայի վրա աշխատել է մի քանի մարդ, այդ իսկ պատճառով առաջնորդների դեմքերը ստեղծվել են տարբեր ոճերով:
G7-ի հանդիպումը կավարտվի կիրակի, որից հետո քանդակը կտեղափոխվի Մանչեսթեր՝ զարդարելու musicMagpie ընկերության գրասենյակի մուտքը: