102-րդ բազան և ռուսական սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, Չեչնիայի պատերազմների վետերան և Մուրադովի գործընկեր Նիկոլայ Նիկոլաևիչ Մարտինյուկը նշանակվելու է Արցախում ռուս խաղաղապահների շտաբի պետ: Մեր տեղեկություններով՝ վաղը նրան պաշտոնապես ներկայացնելու են, իսկ այսօր 102-րդ բազան և Հայաստանում գտնվող ռուսական սահմանապահ զորքերն անցել են մարտական պատրաստականության վիճակի: Նման ռոտացիայով Ռուսաստանը ցուցադրում է իր պատրաստականությունը ուժային սցենարի՝ եթե Ադրբեջանը իր ստորաբաժանումները չհանի Հայաստանի տարածքից: Վաղը, 102-րդ հենակետի հրամանատարի ներկայացումից հետո Մուրադովը ժամանելու է Երեւան՝ Պաշտպանության նախարարությունում մասնակցելու խորհրդակցության, որի ժամանակ քննարկվելու է սահմանին տիրող իրավիճակ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս փոփոխությունները պայմանավորված են վերջին օրերին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներով` մասնավորապես Մուրադովի մասին բացասական նյութերով և նրա ուսադիրները պոկելու կոչերով: Ասում են՝ Հարավային օկրուգի հրամանատարի տեղակալի մասին նման նյութերը լցրել են Ռուսաստանի համբերության վերջին կաթիլը:
Միաժամանակ՝ Հայաստանում լրիվ այլ տրամադրություններ են, գերիների հարազատները ՌԴ դեսպանատան դեմ ակցիաներ են անում՝ խնդրելով ռազամավարական դաշնակցի միջամտությունը ու կարևորելով նրա դերը, նախընտրական փուլում քաղաքական հայտ ներկայացրած կուսակցությունները, իրար հերթ չտալով, ուզում են բոլորին իրենց ռուսամետ լինելու մեջ համոզել, մի խոսքով՝ ջանք չեն խնայում Ռուսաստանին ընկեր և բարեկամ լինելու գործում: Սա, իհարկե, տեսնում են նաև ռուս խաղաղապահները և մասնավորապես՝ գեներալ Մուրադովը, ով ինչքան էլ որ չեզոք չլինի, հայ ժողովրդի շահերն է պաշտպանում և գերիների վերադարձում ամենամեծ դերը կատարում: