Այն քաղաքական ուժը, որը որևէ ձևակերպմամբ կհամագործակցի Փաշինյանի հետ, կդառնա Արցախը հանձնած կապիտուլյանտի ու դավաճանի մեղսակիցը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աբովյանի դիահերձարանի նկուղի հատակին պարկերով գցված 44 դիակներն ու մասունքներն այնտեղ են տեղափոխվել օրեր առաջ Մեծամորի դիահերձարանից և բեռնատար սառնարաններից, աճյունների մեծ մասը երեկվա աղմուկից հետո տեղափոխվել է Մարտունու դիահերձարանի սառնարան. այս պահին առկա է 50 մասունք, որոնցից ԴՆԹ առանձնացնել հնարավոր չէ, և 149 դիակ, որոնցից վերցված ԴՆԹ-ն դեռևս չի նույնականացվել որևէ ծնողի հետ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ռազմագերիների ծնողների մեծամասնությունն ասում է՝ եկեք հարցը չքաղաքականացնենք: Ծնողները բռնության են ենթարկում սանիտարին, փոխանակ հաշիվ պահանջեն Նիկոլ Փաշինյանից: Այս արհավիրքի միակ պատասխանատուն և մեղավորը նա է, այլ մեղավորներ պետք չէ փնտրել: Ռազմագերիների բարեկամների լռությունը ևս անհասկանալի է, ունենք առնվազն 300 ռազմագերի, որոնց Ադրբեջանը դատում է իբրև դիվերսանտների»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Ըստ Զոհրաբյանի՝ Փաշինյանը չպետք է կարողանա անարգել շրջել հանրապետությունում և մանիպուլացնել հանրությանը ատելության նոր չափաբաժիններով. «Հունիսի 20-ի ընտրությամբ որոշվելու է՝ Հայաստանը լինելու է որպես անկախ պետությո՞ւն, թե՞ Թուրքիայի վիլայեթ, և բոլոր նրանց, ովքեր չեն հասկանում ջրբաժանը, չի կարելի քծնել՝ քվե ստանալու համար: Նիկոլ Փաշինյանը նման մարդկանց հայելային արտացոլումն է, ասում են՝ եթե թուրքական ապրանքները մտնեն Հայաստան, լոլիկը մի քանի անգամ կէժանանա»:
Պատգամավորի կարծիքով՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն՝ իբրև ընդդիմադիր, չպետք է մտնեին Փաշինյանի օրակարգ, մինչդեռ առ այս պահը սպասարկում են իշխանության հետ պայմանավորվածությունը. «Փաշինյանի կողմից մանիպուլացվող հասարակությունը փոքրանում է, նա այլևս չի կարողանում իր թեզերով կերակրել մարդկանց: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, պարզ է, պիտի մերժեին նրա հետ բանավեճի առաջարկը, ո՞ւմ արժանապատվությունը թույլ կտա բանավիճել մեկի հետ, որը հպարտ է պարտությամբ: Զոհերի մայրերը թող իմանան՝ Փաշինյանն ասում է՝ հպարտ է, որ ձեր որդիներին «Բայրաքթարների» տակ սպանել է»:
Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ պայքարը պետք է լինի նիկոլիզմի դեմ, այն զարհուրելի քաղաքական աղանդ է. «Մենք նստած ենք վառոդի վրա, համակերպվել ենք այն մտքի հետ, որ հազարից ավելի ադրբեջանցի զինվոր ամրակայվում է Հայաստանի սահմաններում, մեր տարածքում զինաթափում և գերեվարում են մեր տղաներին: Մենք ապրում ենք վիրտուալ իրականության մեջ՝ քաղաքական ուժերը բուկլետներ են տպում: Որ պահին Փաշինյանը հասկանա, որ իր քարոզչական կոդերը չեն աշխատելու, որևէ պատրվակով հետաձգելու է ընտրությունները, օրինակ՝ սադրանք է հրահրելու և ռազմական դրություն է հաստատելու: Ես մեծ հույս ունեմ, որ խորհրդարան անցնելու շանս ունեցող որևէ ուժ կոալիցիա չի կազմի նրա հետ, Նիկոլ Փաշինյանն այլևս երբեք չպետք է քաղաքական օրակարգ թելադրի: Այն քաղաքական ուժը, որը որևէ ձևակերպմամբ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ, կդառնա Արցախը հանձնած կապիտուլյանտի ու դավաճանի մեղսակիցը»,- ամփոփել է ընդդիմադիր գործիչը:
Աղբյուր
Ավելին․․․