Բրիտանիայի կենդանաբանական այգիներից մեկում քնեցրել են «Սպիտակաձյունիկին» և «Քնած գեղեցկուհուն»
Լոնդոնի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Դանսթեյբլ քաղաքի կենդանաբանական այգում վերահսկիչները երկու շագանակագույն արջի են քնեցրել, որոնք դուրս էին եկել իրենց վանդակից:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով կենդանաբանական այգու տնօրենին, ուժեղ քամու հետևանքով ծառ էր ընկել Սպիտակաձյունիկ և Քնած գեղեցկուհի անուններով արջերի վանդակի կողքին: Այդ ծառից օգտվելով՝ կենդանիները հայտնվել են հարևան վանդակում և հարձակվել այնտեղ գտնվող վարազի վրա:
Այգու տնօրենը հայտնել է, որ գիշատիչներին քնեցնելու որոշում է կայացվել, քանի որ իրենք առաջնահերթ են համարում աշխատակիցների, հյուրերի և մյուս կենդանիների անվտանգությունը:
Նշվում է, որ վանդակում երրորդ արջ էլ է եղել՝ Մոխրոտ անունով: Վերջինս չի հեռացել վանդակից: Նրան քշել են իր որջը, այնուհետև վանդակի մոտից հեռացրել ընկած ծառը: Անասնաբույժները բուժում են հարձակման ենթարկված վարազին: