COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ աշխարհում 9 նոր միլիարդատեր է հայտնվել. նրանց թվում է Նուբար Աֆեյանը. The People's Vaccine Alliance
Շնորհիվ դեղագործական ընկերությունների՝ կորոնավիրուսային պատվաստանյութերից ստացված շահույթի աշխարհում 9 նոր միլիարդատեր է հայտնվել: Այս մասին ասվում է The People's Vaccine Alliance կազմակերպության զեկույցում, որում ներառված են մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական և բժշկական տարբեր կազմակերպություններ:
Մասնավորապես, նոր միլիարդատերերի թվում են ամերիկյան Moderna ընկերության չորս ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը, համահիմնադիր Նուբար Աֆեյանը և ներդրողներ Թիմոթի Սպրինգերը և Ռոբերտ Լանգերը:
Բացի այդ, ցուցակում ներառված են նաև BioNTech ընկերության ղեկավար Ուղուր Շահինը, իսպանական Rovi դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Խուան Լոպես-Բելմոնտեն և չինական CanSino Biologics ընկերության 3 համահիմնադիրներ:
Նշվում է, որ նոր միլիարդատերերի ընդհանուր կարողությունը հասնում է 19,3 միլիարդ դոլարի: