Ֆրանսիայում մայիսի 31-ից սկսվելու է բոլոր չափահաս քաղաքացիների պատվաստման գործընթացը
Ֆրանսիայի բոլոր չափահաս բնակիչները կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ մայիսի 31-ից սկսած: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ժան Կաստեքսը:
«Պատվաստման գործընթացը 18 տարեկանից բարձր բոլոր անձնանց համար բաց կլինի մայիսի 31-ից»,- ասել է ֆրանսիական կառավարության ղեկավարը՝ նշելով, որ պատվաստման գործընթացը Ֆրանսիայում սահմանված ժամանակացույցից առաջ է ընկել: Սկզբնապես իշխանությունները նախատեսում էին, որ բոլոր չափահաս քաղաքացիները պատվաստվելու հնարավորություն կունենան հունիսի 15-ին:
Պատվաստման արշավը Ֆրանսիայում սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից: Մայիսի 10-ից պատվաստումները հասանելի են 50-ից բարձր անձանց համար: Ավելի քան 21 մլն ֆրանսիացի ներկա պահին ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, նրանցից ավելի քան 8 մլն-ը երկու չափաբաժին է ստացել:
Իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5.9 մլն դեպք է գրանցվել: Վիրուսից մահացել է ավելի քան 108 հազար մարդ: