ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը որոշում է կայացրել 27 երկրների ԱԳ նախարարների արտակարգ տեսահամաժողով հրավիրել
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը որոշում է կայացրել 27 երկրների ԱԳ նախարարների արտակարգ տեսահամաժողով հրավիրել մայիսի 18-ին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակը քննարկելու համար։
«Հաշվի առնելով Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող սրացումը և քաղաքացիական զոհերի անընդունելի թիվը, ես երեքշաբթի հրավիրում եմ ԵՄ արտաքին գործերի նախարարների արտակարգ նիստ: Մենք կհամակարգենք և կքննարկենք, թե ինչպես է ԵՄ-ն կարող լավագույնս նպաստել առկա բռնություններին վերջ տալուն», - գրել է Եվրոպական Միության Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը թվիթերյան իր էջում։
Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինյան «Համաս» խմբավորման միջև հրթիռային փոխհրաձգությունը սկսել է մայիսի 10-ից: Այն սկիզբ առավ Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով։ Անկարգությունները բռնկվեցին իսրայելական դատարանի որոշման վճռի պատճառով, համաձայն որի՝ այնտեղ ապրող արաբական ընտանիքներից բռնագրավվում են «Շեյխ Ջարահ» թաղամասի տները, իսկ դրանցում բնակվող պաղեստինցիները՝ տարհանվում։
Փոխադարձ հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, իսրայելական կողմից, իսկ պաղեստինյան կողմից՝ առնվազն 174-ը, այդ թվում՝ 47 երեխա: