Մեկնարկել է «Արցախի կորսված կոթողները» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությունը
Ցուցանմուշները ներկայացված են Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ:
Տեղեկացանք, որ ցուցահանդեսը կտևի երկու օր` մայիսի 1-ին և 2-ին, ժամը 12:00-19։00: Ցուցահանդեսը նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում » կուսակցությունը։
«Բոլոր կոթողները տրամադրվել են Արցախի թեմից, մենք իրենց հետ ենք համագործակցել, համագործակցել ենք նաև Էջմիածնի մայր տաճարի հետ։ Նպատակը՝ որպեսզի հայ հասարակության շրջանում բարձրացվի իրազեկվածությունը։ Իրականում այստեղ ցուցադրված են կորսված կոթողների միայն մեկ մասը, իսկ դրանք շատ ավելի շատ են։ Մենք նաեւ համագործակցել ենք վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գրասենյակի հետ, գիտեք, որ ինքը իր կենդանության օրոք ինչ հետազոտություններ է անցկացրել։ Այժմ 55 միավոր հուշարձանների նկարներ են ցուցադրված։ Անգամ արդեն ցուցադրված է ադրբեջանցիների կողմից Շուշիի պայթեցրած կանաչ ժամը»,- լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանը։