Սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը 2020-ի տարեվերջին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Հիշեցնենք՝ Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև դատավոր Արա Կուբանյանը։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գևորգ Նարինյանը կալանավորվել էր 2020 թվականի հուլիսի 20-ին, իսկ Արա Կուբանյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել էր։
Կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքի քննությամբ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքն ու Նարինյանին ազատ արձակելու որոշում կայացրել Վերաքննիչը։
Պաշտպանի խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է․ «Երբեմն-երբեմն քննչական գործողություններ են տեղի ունենում, այսինքն՝ գործը ընթացքի մեջ է»։
Նա նաեւ նշեց, որ իր պաշտպանյալը շարունակում է մեղադրանքը չընդունել։