Ինքնաթիռը եկավ առանց գերիների. Ադրբեջանից հայ ռազմագերիներ չեն վերադարձել
«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողներն ու հարազատները խիստ վրդովված են։ Նրանք մտածում են բողոքի ակցիաներ կազմակերպել ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության մոտ։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Ադրբեջանից հայ ռազմագերիներ այսօր չեն վերադարձել։ Ինքնաթիռը եկել է առանց գերիների։ Տեղեկությունը հայտնեց «Էրեբունի» օդանավակայանում աշխատող Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կառավարությունում եղած մեր աղբյուրի տվյալներով` ինքնաթռով Երևան է եկել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
«Էրեբունի» օդանավակայանում հավաքված գերիների ծնողների մոտ խուճապային տրամադրություն է։ Նրանց մի մասը հայտարարեց, որ գնում են ՊՆ շենքի մոտ, մյուս կեսը պահանջեց գնալ դեպի կառավարության շենք` բողոքի ակցիաներ իրականացնելու։
Ավելի վաղ պաշտոնական լուրեր տարածվեցին, որ այսօր գերիների նոր խումբ է վերադառնում Հայաստան։ Ադրբեջանում պահվող անձանց ծնողնորն ու հարազատները հավաքվեցի «Էրեբունի» օդանավակայանում։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
Փաշինյանն ու ՌԴ գլխավոր դատախազը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Դեկտեմբերի 28–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։
Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։