«Այսօր էլ մենք մի սեղանի շուրջ նստելուց տան այն ազատ աթոռին կնայենք... Կզգանք, որ մեզ հետ ես». Արցախում հերոսացած Սևակ Ջավադյանի մոր գրառումը
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված Սևակ Ջավադյանի մայրը` Հայկուհի Խաչատրյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է
«Շնորհավոր Զատիկդ իմ Լույս...
Քո ամենասիրելի տոներից մեկն էր Զատիկը։ Որովհետև առաջինը դու աստվածապաշտ էիր ու աստվածավախ։ Հավատը անսահման էր հոգումդ։ Հիշում եմ՝ չկար մի գիշեր, որ առանց աղոթքի քնեիր։ Լուռ, փակ աչքերով աղոթում էր ու խաղաղված սրտով քնում։ Պատերազմի օրերին էլ Քո ապավենը Աստված էր։ Իսկ Զատիկին հիշում եմ՝ ինչքան էիր սիրում տան ամենապինդ հավկիթը գտնել ու բոլորի հետ կռիվ անել։ Հիշում եմ՝ տան մի անկյունում ապահով պահում էիր, որ հենց առիթ լինի, էլի մեկին հաղթես։ Ու թե ո՞նց էր իրոք բախտդ բերում՝ Քեզ հաղթել չէր լինում։ Վերցնում էիր տանջանքով գտած ամենապինդ հավկիթը ու ամբողջ բակում պտտվում։ Այսօր էլ մենք մի սեղանի շուրջ նստելուց տան այն ազատ աթոռին կնայենք... Կզգանք, որ մեզ հետ ես... Ու օրվա ցանկացած պահի, ցանկացած ժամի զգում ենք, որ կանգնած ես մեր թիկունքին ու ուժ ես մեզ տալիս։ Շնորհակալ եմ մեր կողքին լինելու ու մեզ ամենուր ուղեկցելու համար, Իմ Հրեշտակ...»:
Ավելին․․․
Ավելին․․․