Բաղդասարյանի ցինիզմը
«Ցավում եմ որոշ քաղաքական ուժերի համար, որ չեն հայտնվել խորհրդարանում, որովհետեւ նրանք իրոք քաղաքական ներկապնակում լուրջ դերակատարում ունեցող անհատներ են եղել, բայց չեմ կարծում, որ այդ համագործակցությունը ավարտվելու է։ Ցանկալի էր, որ 5–6 քաղաքական ուժ լիներ խորհրդարանում, ոչ թե 4։ Իմ կարծիքով՝ 5–6 քաղաքական ուժի դեպքում ավելի ակտիվ պառլամենտ կարող էինք ունենալ»-սա հատված է News.am կայքին տված հարցազրույցից:
Սույն զգայացունց տողերի հեղինակը Վահրամ Բաղդասարյանն է: Պարզվում է, պարոն Բաղդասարյանը կարեկցում է խորհրդարան չանցած ուժերին: Ավելին` ցավ է ապրում: Հավատացեք, այս դրվագում նա բացառիկ է: Հանրապետական և ցավ ապրել, դրանք գրեթե անհամատեղելի երևույթներ են: Բայց եթե ավելի լուրջ նայենք խնդրին, ապա կարող ենք տեսնել, որ հենց Բաղդասարյանի կուսակցությունն է որոշել, թե ով անցնի, իսկ ով` ոչ: Վերջին 15 տարիների ընթացքում, այդ կուսակցությունը հասարակությանը հասցրել է թշվառության նվազագույն մակարդակին: Հաշվեհարդար է տեսել իր քաղաքական բոլոր հակառակորդների հետ: Ստով, մատնությամբ, կաշառքով, վախեցնելով, քրեական գործեր հարուցելով քայքայել է դաշտում դերակատարում ունեցած բոլոր ընդդիմադիր ուժերին: Իսկ մնացածներն էլ, ովքեր դեռ անհավասար գոյապայքարում չեն կորցրել իրենց ազնվությունը, այլևս չունեն ռեսուրսներ ու պարզապես ֆիզիկական ուժ ` պայքարելու հանրապետականի դեմ:
Ցավ ապրելուց առաջ, շատ ճիշտ կլիներ, եթե պարող Բաղդասարյանն իրեն հարց տար, թե ինչու՞ այսպես եղավ: Այլապես, պառլամենտարիզմի պատմության և սիստեմի արդյունավետության մասին մենք շատ ավելի շատ գիտենք, քան նա:
Ատոմ Ոսկանյան, Armenia24.info