Եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանի քաղաքացիներին էլ թույլ չեն տալու
Հայաստանի խորհրդարանում ստեղծվում է Արցախ նախաձեռնություն։ Այս առաջարկով հանդես են եկել պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը եւ Սոֆյա Հովսեփյանը։ Նրանք նշել են, որ Հայաստանի խորհրդարանում պատերազմից հետո այդպես էլ չեն քննարկվել Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի, Հայաստանի ու Արցախի հարաբերությունների հարցերը։ Մենք կարծես հրաժեշտ ենք տվել Արցախին, ասել է Աննա Գրիգորյանը։
Որքա՞ն է Արցախի համար Հայաստանի պատասխանատվության բաժինը։ Ստեփանակերտում ասում են, որ շուտով զանգվածաբար ռուսական անձնագրեր կբաժանեն, բայց ոչ թե արտասահմանյան, այլ ներքին, որոնցով հնարավոր կլինի միայն Ռուսաստան գնալ։ Հասկանալի է, թե Մոսկվան ինչ է ուզում։ Իսկ Արցախում ու Հայաստանում ի՞նչ են ուզում։
Ներկայում Արցախի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության անձնագրեր ունեն, բայց առանց Հայաստանում ընտրելու եւ ընտրվելու իրավունքի։ Մյուս կողմից, Հայաստանի վարչապետը, որը չի ընտրվել Արցախի քաղաքացիների կողմից, նոյեմբերի 9-ին Արցախի անունից փաստաթուղթ է ստորագրել։ Արցախցիներին իրավունք կտրվի՞ մասնակցել Հայաստանի ապագա ընտրություններին։
Երբ Երեւանից ազդակներ չկան, արցախիցներին դժվար է կողմնորոշվել։ Վերջերս Արցախի ԱԳ նախարարը Երեւանում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ։ Պաշտոնական հաղորդագրությունում հիշատակություն չկա, որ Ստեփանակերտը ԵԱՀԿ-ից ակնկալում է Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների վերսկսում, որ քննարկվել է Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը, ուժային ճնշման տակ համաձայնագրի ստորագրումը։ Այնպիսի տպավորություն է, որ Ստեփանակերտը հարցերը պատվիրակել է Մոսկվային։
Նույն օրն Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարին, եւ պաշտոնական հաղորդագրությունում խոսվում է մարդասիրական խնդիրների, այլ ոչ թե ռազմական համագործակցության մասին։
Հայաստանի ու Արցախի «սեգրեգացիան» եւ մեկուսացումն այն է, ինչը Ռուսաստանն ու Թուրքիան երկար տարիներ ձգտել են 100 տարի առաջ ստորագրված պայմանագրի շրջանակում։ Արցախ տանող միակ ճանապարհին կանգնած են ռուս զինվորները եւ որոշում են, թե ում թողնել, ում ոչ։ Արեւմտյան լրագրողներն ու միջազգային կազմակերպությունները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ։ Եթե այսպես շարունակվի, շուտով Հայաստանի քաղաքացիներին էլ թույլ չեն տալու։
Հայկական կողմերի առաջնահերթություններից մեկն Արցախի տարածքների դեօկուպացիան, արցախահայերի՝ իրենց բնակության վայրեր անվտանգ վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծումն է։ Այս փուլում Հայաստանի ու Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի, հայտարարել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 5-ին, Ստեփանակերտում։