Ինչ կապ ունի Պուտինը հոկտեմբերի 27-ի հետ. բացահայտում
1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ողբերգալի դեպքերից հետո, երբ սպանվեցին Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը և նրանց ազդեցիկ համախոհները, շատ անգամներ է խոսվել այս գործում ՌԴ մասնակցության մասին, սակայն ամենաապշեցնողը ՌԴ հատուկ ծառայությունների նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոի խոստովանությունն էր: Ալեքսանդր Լիտվինենկոն հայ հանրությանը հետաքրքրում է Հայաստանի հետ կապված ամենախոշոր հանցագործության` Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ արած մի սենսացիոն հայտարարության համար:
Լիտվինենկոն 2005թ. ապրիլին «Ռեալնի Ազերբայջան» ադրբեջանական շաբաթաթերթի հարցազրույցում սկանդալային հայտարարություն էր արել՝ կապված Հայաստանի ամենաողբերգական իրադարձության հետ: Նա ասել էր, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ՀՀ Ազգային ժողովի ահաբեկչությունը կազմակերպել են ՌԴ հատուկ ծառայությունները, մասնավորապես` ԳՌՈւ-ն: «ՌԴ-ի հատուկ ծառայությունների ղեկավարությունում շատերը տեղյակ են, որ 1999թ. հայկական խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել էր մեկ այլ հատուկ ծառայություն՝ ԳՌՈւ-ն: Այդ հատուկ գործողությունը ռուսական քաղաքական ղեկավարությանը հնարավորություն տվեց կանխելու ղարաբաղյան կարգավորման համաձայնագրի ստորագրումը: Եթե չեմ սխալվում, խոսվում էր Ստամբուլի ԵԱՀԿ գագաթնաժողովում նախագահներ Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի հուշագիր ստորագրելու մասին: Խաղաղ գործընթացը զարգանում էր ՌԴ-ի վերահսկողությունից դուրս, ինչը և դրդեց ՌԴ հատուկ ծառայություններին՝ իրականացնելու հատուկ գործողություն Հայաստանի խորհրդարանում: Պայթյունը Բաքվի մետրոյում, հայոց խորհրդարանի սպանդը` ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործունեության նույն շղթայի օղակներն են», – նշել էր Լիտվինենկոն: