Սրտայինների համար արդյոք օգտակա՞ր է յուղոտ ձուկը
Յուղոտ ձուկն օգնում է կանխել սիրտ-անոթային հիվանդությունները մեծ ռիսկի խմբում գտնվող մարդկանց շրջանում: Այս մասին հաղորդվում է Մաքմաստերի համալսարանի մասնագետների մասշտաբային հետազոտության մեջ, որը ներառում է ավելի քան 60 երկրներից գրեթե 192 հազար կամավորների տվյալները (շուրջ 52 հազարի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդություններ):
Մեծ ռիսկի խմբում են, օրինակ, անձինք, որոնք արդեն տառապում են սրտային հիվանդություններով կամ կաթված են տարել, հայտնում է Medical Express-ը:
Ձկան կարեւորագույն բաղադրիչ են համարվում օմեգա-3 ճարպաթթուները: Հետազոտողները պարզել են, որ դրանք կապված են ծանր սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, ներառյալ սրտի նոպաների եւ կաթվածների հավանականության նվազման հետ:
Հավանականության նվազումը կազմել է շուրջ մեկ վեցերորդ մաս մեծ ռիսկի խմբի մարդկանց համար, որոնք շաբաթական կերել են օմեգա-3-ով հարուստ ձկան երկու չափաբաժին: Սակայն հատկանշական է, որ գիտնականները չեն հայտնաբերել ձկան գործածման օգուտ այն մարդկանց շրջանում, որոնք սրտային հիվանդություններ կամ կաթվածի պատմություն չունեն: