Խաչիկ Ասրյան. Չեղարկե՛լ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը
Սույն թվականի մարտի 1-ին ուժի մեջ մտավ Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել էր դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Այդ համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն՝ ամենատարբեր ոլորտներում. արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն:
Այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու վերոնշյալ ոլորտների նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին:
Հայաստանն ու Հայ ժողովուրդն իրենց մաշկի վրա շատ վաղուց զգացել են եվրոպական չափանիշների կործանարար ազդեցությունը, որն արտահայտվում է մեր սեփական պատմության, լեզվի, կրոնի, մշակույթի ուրացման, մեր ազգային ինքնության հետ որևէ ընդհանրություն չունեցող բարքերի արմատավորման տեսքով:
Հայ ժողովուրդն իր հավաքական կամքով պետք է մերժի եվրոպական կոչվող այլասերված բարքերը, որոնց միակ նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն ու Հայ տեսակի վերացումն է:
Հայ ժողովուրդը դեռ վաղուց է կայացրել քաղաքակրթական իր ընտրությունը, հայտարարելով, որ մենք, մեր մշակույթով, ավանդույթներով և արժեքներով, միասնական ու հոգեհարազատ ենք բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ, ու այդ միասնությունը խարխլող, և այդ միասնության ազնվությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Հայաստանի նախկին և գործող իշխանությունների կողմից եվրոպական բարքերի բռնի և արհեստական ներդրումը հայ իրականության մեջ ոչ միայն անհեռանկար է, այլ նաև՝ կործանարար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը պահանջում է Հայաստանի գործող ապազգային իշխանությունից՝ անհապաղ չեղարկել Եվրամիության հետ չարիք դառնալիք այդ համաձայնագիրը, հայտարարելով, որ դրա էությունն ու ոգին չեն բխում Հայ ժողովրդի ազգային և պետական շահից:
Եթե գործող օտարածին և թրքապաշտ իշխանությունը չհետևի մեր պահանջին, և, շարունակի կատարել արևմտյան իր տերերի հրահանգները, ապա Եվրամիության հետ ստորագրած այդ չարիք համաձայնագիրը կչեղարկի Հայաստանի հաջորդ՝ Ազգային-Քրիստոնյա իշխանությունը՝ ի դեմս «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության, և Հայաստանում կհաստատի Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան