Ազգային-քրիստոնեական բևեռ կամ նոր նրբերանգներ ապագա քաղաքական մարտերում
«Հայոց Արծվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը այսօր կոշտ հայտարարությամբ է հանդես եկել: Ըստ էության, գնահատելով հանրային պահանջը՝ նոր քաղաքական բևեռների ձևավորման ուղղությամբ, Խաչիկ Ասրյանը շեշտում է՝ հայ ժողովուրդը մերժում է ոչ միայն Հայաստանի գործող ամերիկահպատակ ու թրքապաշտ իշխանությանը, այլ մանիպուլյացիաների միջոցով նախորդ իշխանությունների հետվերադարձի հեռանկարը:
Ինչ է ստացվում. հայկական քաղաքական դաշտում կատարյալ քաոտիկ վիճակ է, երբ Արցախը տանուլ տված իշխանությունները փորձում են իրենց շարունակականությունը ապահովել նախկինների վերադարձի տխուր հեռանկարով: Այս երկու քաոտիկ բևեռների արանքում մոլորված հանրությունը այլևս հայացքը պետք է ուղղի նոր, գաղափարական քաղաքական առաջնորդներին և ուժերին, նոր ազգային, քրիստոնեական բևեռին, որի ստեղծման մասին ուղիղ տեքստով խոսում է Խաչիկ Ասրյանը:
Հայտարարությունը հետաքրքրական է նաև այն հանգամանքով, որ պահանջ է դրվում նոր Ազգային ժողովի ընտրությունների: Կամ իշխանությունը կվերցնի նետված ձեռնոցը և կփորձի քաղաքական ճանապարհով հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը, կամ երկիրը կտանի նոր ցնցումների...
Ամեն դեպքում, նոր բևեռի ուրվագծումը խոստանում է հետաքրքիր նրբերանգներ մտցնել ապագա քաղաքական մարտերում: