Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, որի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային․ Ջանոյան
Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Քանաքեռում հետախուզման մեջ գտնվող քաղաքացին պատանդ է վեցրել երեխայի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, այնտեղ է եղել նաեւ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կատարված արտակարգ դեպքից։
«Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող տղամարդուն հայտնաբերելու նպատակով։ Նա, տեսնելով ոստիկաններին, ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ բերման ենթարկվելու դեպքում կվնասի»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, ոստիկանության ԵՔՎ պետ Սևան Քոչարյանն ու ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու ծառայողներ։
«Վահե Ղազարյանը մոտ երկու ժամ բանակցել է զինված տղամարդու հետ, որի արդյունքում նա վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային»,- ասաց նա։
ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքներ կատարելու մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել ոստիկանություն։ Տուժածներ չկան։ Կատարվում է նախաքննություն։