«Սպասում ենք ԴՆԹ-ի պատասխանին, որ տեսնենք՝ այդ 14 տոպրակների մեջ հարազատ, երեխա ունե՞նք, թե՞ չէ». անհետ կորածի մայր
168.am-ը գրում է․
«Բոլոր ծնողները ԴՆԹ են հանձնել և սպասում ենք պատասխանի»,- այսօր 168.am–ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 10-11-ին Կովսականի (Զանգելան) հատվածում որոնողական աշխատանքներից հետո տոպրակներով մարմիններ էին դուրս բերվել.
«Դուրս էր բերվել 14 տոպրակ, իսկ տոպրակի մեջ, չեմ կարող ասել, թե ստույգ քանի մարմին, հնարավոր է՝ 15, 17 գուցե՝ 20, դա մինչև փորձաքննություն չլինի՝ չենք իմանա: Բոլոր ծնողները ԴՆԹ են հանձնել, անկախ նրանից, որ իրենց երեխեքին տեսել են ադրբեջանական տեսանյութերում, և հիմա սպասում ենք ԴՆԹ-ի պատասխաններին, որ տեսնենք, թե արդյոք այդ 14 տոպրակներից մենք հարազատ, երեխա ունե՞նք, թե՞ չունենք»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:
Անահիտ Ադոյանը նշեց, որ տևական ժամանակ է՝ դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները, սպասում են ոչ միայն ԴՆԹ-ի պատասխաններին, այլև հույս ունեն, որ ՀՀ պատկան մարմինները կզբաղվեն գերիների վերադարձի հարցով, և գոնե մինչև հունվարի վերջ բոլոր գերիները կվերադառնան Հայաստան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան) ՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչև այս պահը համարվում են անհետ կորած:
Դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, նույն զորամասից է եղել, նա ևս մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու և հայտնվել էր շրջափակման մեջ:
Ավելին՝ այստեղ