Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
«Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ»,-հայտարարել է Թուրնավան՝ հավելելով, որ այս ամենը տեղի կունենա բոլոր տեսակի բժշկական կանոնակարգերի և անվտանգության կանոնների պահպանմամբ:
Հիշեցնենք՝ 2020-ի մարտին պանդեմիայի ֆոնին Վրաստանը փակեց սահմանն օտարերկրյա քաղաքացիների համար, արգելեց ավիահաղորդակցությունը` բոլոր ուղղություններով։ Կառավարությունը մի քանի անգամ արդեն երկարաձգել է չվերթների արգելքի ժամկետը։ Վերջին կարգավորումներով` ժամկետը երկարաձգվել էր մինչև ընթացիկ տարվա հունվարի 31-ը։ Սահմանափակումները չեն տարածվում Մյունխենի, Փարիզի, Ռիգայի, Դոհայի, Վարշավայի, Աթենքի, Ամստերդամի, Վիեննայի, Բեռլինի ու Միլանի օդանավակայանների վրա, չեն վերաբերում նաև Քութաիսիի միջազգային օդանավակայանի և Ռիգայի, Վիլնյուսի, Դորտմունդի միջև թռիչքներին։