Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել մեր գաղափարների ու նպատակների իրականացմանը. Արման Վարդանյան
Վերջերս «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ առաջ էր քաշել «նոր ուժերի պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտությունը և, բացի այդ, նշել էր, որ այդ պլատֆորմի ստեղծման համար կա արդեն հասարակական կոնսենսուս։ ArmDaily.am-ի թղթակիցը Արման Վարդանյանից փորձեց ճշտել, թե «նոր ուժերի պլատֆորմ» ասելով` ինչ ի նկատի ունի. չէ՞ որ կարծես թե քաղաքական դաշտը ուժերի պակաս չունի։
«Հարցրեցինք նաև, թե իրենք ինչ նպատակներ ու խնդիրներ են իրենց առջև դրել։ Պատասխանելով մեր վերը նշված հարցին` Արման Վարդանյանը նկատեց, որ հայ ազգը արժանի չէ այն վիճակին, որում հայտնվել է, և այն ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, պետք է վերջ դրվի․ «Այս ամենին վերջ պետք է դրվի` ոչ թե նույն շրջանի մեջ պտույտ կատարելով, այլ նոր մարդկանցով և նոր հարթակի շրջանակներում, որտեղ կմիավորվեն առողջ մտածելակերպով, երկիրը սիրող և արհեստավարժ մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն իրենց վրա վերցնելու Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու և հզորացնելու առաքելությունը։ Գոյություն ունի հանրային մեծ կոնսենսուս այդ հարցի կապակցությամբ, սակայն ժողովրդի ձայնն այսօր լսելի չէ` չնայած հեղափոխությունը «քարոզում էր» ճիշտ հակառակը։ Առաջնային հարցերից մեկն է ժողովրդին հանել «ներկաներ և նախկիններ» կեղծ օրակարգից և տալ Հայաստանի զարգացման նոր տեսլականը, որը կբխի և առաջ կգա ոչ թե նեղ կուսակցական շահերից, այլ ժողովրդի հետ քննարկման արդյունքում։
Մեր այն դիտարկմանը, թե վերջերս ԶԼՄ-ներից մեկը, հղում անելով իր սեփական աղբյուրներին, գրել էր, որ գործարար Արտակ Թովմասյանի և իր հարաբերությունները սրվել են, Վարդանյանը պատասխանեց․ «Ծանոթանալով այդ հոդվածին` գրեթե չգտա մի միտք, որը կհամապատասխաներ իրականությանը։ Ավելի քան համոզված եմ, որ նոր քաղաքական մշակույթ և հարթակ ձևավորելու գաղափարի շուրջ համախմբված առաջնորդները երկրի առկա խնդիրների լուծումը և մեր պետության զարգացումը տեսնում են ավելի խորքային ու առարկայական։ Որևիցե ուժ կամ հակադիր բևեռ չի կարող խոչընդոտել այդ գաղափարների ու նպատակների իրականացմանը, քանի որ այն հենց ժամանակի հրամայականն է։ Համոզված եմ, որ մենք միասին կկարողանանք հաղթահարել բոլոր խնդիրները և կառուցել նոր գաղափարներով, նոր մարդկանցով, հոգևոր և ազգային արժեքների վրա հիմնված նոր պետություն, որի հիմքում կլինի պետության և ազգային շահը»,- գրում է կայքը: