Կարայանն ու կինը միասին 75 հազար դոլար են հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Սուրեն Կարայանը նախորդ տարի 2 միլիոն 500 հազար դրամով հողամաս է ձեռք բերել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նախարարի բանկային հաշիվների վրա միայն դոլարով արտահայտված գումարներ կան, այն է՝ 55 հազար ԱՄՆ դոլար, իսկ նրա տարեկան եկամուտներն էլ գոյացել են երկու տարբեր աշխատավարձերից և միասին կազմել 8 միլիոն 719 հազար դրամ:
Կարայանի կինը՝ Քրիստինե Անտոնյանը, նույնպես միայն դոլարով արտահայտված դրամական միջոցներ է հայտարարագրել: Նախորդ տարի նա ունեցել է 20 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 4 միլիոն 140 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Սուրեն Կարայանը այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա աշնանը, մինչ այդ աշխատել է նույն կառույցում որպես նախարարի տեղակալ:
Կարայանի տեղակալը 30 միլիոնով բնակարան է գնել
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նախորդ տարի ավելի քան 30 միլիոն դրամով բնակարան է գնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Խաչատրյանը նշված բնակարանը գնել է 31 միլիոն 842 հազար դրամով: Նախարարի տեղակալը նախորդ տարի նաև արտարժույթով փոխառություններ է ունեցել: Նրա փոխառությունները կազմել են 3 միլիոն 780 հազար դրամ, 20 հազար եվրո և 46 հազար ԱՄն դոլար:
Դրամական միջոցներ տարեսկզբին չի ունեցել, տարեվերջին հայտարարագրել է 25 հազար ամերիկյան դոլար: Տարեկան եկամուտները կազմել են 95 միլիոն 81 հազար դրամ, որոնք չորս տարբեր աշխատավարձերի հանրագումարն են, բայց առանձնահատուկ է այն, որ աշխատավարձերից մեկը կազմել է 89 միլիոն 520 հազար դրամ:
Խաչատրյանի կինը՝ Գոհար Խաչատրյանն էլ, հայտարարագրել է 13 հազար 700 ԱՄՆ դոլար փոխառություններ և 500 հազար դրամ դրամական միջոցներ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: