ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցելու ՌԴ դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Մասնագիտական տոնի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է ՌԴ իր գործընկերներին՝ նշելով, որ ՌԴ դատախազությունն ունի պատկառելի՝ շուրջ 300-ամյա պատմական անցյալ, որի ընթացքում կուտակած փորձի հիման վրա շարունակում է զարգանալ ժամանակի նոր պահանջներին ու մարտահրավերներին համահունչ:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ եւ ՌԴ դատախազությունների միջեւ ձեւավորված փոխըմբռնման բարձր մակարդակը նպաստում է միջազգային հանցավորության դեմ ընդհանուր պայքարում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ակտիվ գործակցությանը, իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ իրականացմանը, միմյանց երկրներում մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությանը, որը սնվում է երկու պետությունների դաշնակցային, բարեկամական հարաբերություններից, պատմական, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների էությունից:
Արթուր Դավթյանը կարեւորել է հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում ՌԴ դատախազության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետությունում քրեաիրավական ոլորտում ռուսական խաղաղապահ ուժերի սպասարկման շրջանակներում իրականացվող աշխատանքը, որը նպաստում է օրինապահությանը, ռուս զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների բնականոն իրականացմանը, հայկական զինված ուժերի ծառայողների, Արցախի բնակչության հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա խարսխված հարաբերությունների հաստատմանը, տարածաշրջանում կայունության եւ խաղաղության երաշխավորմանը, ինչն իր հերթին բխում է Արցախում բնականոն կյանքի վերականգնման, մեր հայրենակիցների անվտանգության, Արցախի զարգացման հեռանկարներից:
Ելնելով վերոնշյալից՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Արցախի Հանրապետությունում ծառայություն իրականացնող ՌԴ դատախազության 4 աշխատակիցներ Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման եւ ՀՀ դատախազության հետ համագործակցության գործում ունեցած ներդրման համար ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ պարգեւատրվել են համապատասխան մեդալնելով եւ կրծքանշանով:
ՀՀ գլխավոր դատախազի այցը շարունակվում է: