Ձեր վստահությունն ու հավատը ինձ ստիպում է կյանքի կոչել ապագայի բոլոր նպատակները. Մելիք Սաֆարյան
«Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Մելիք Սաֆարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, առաջին անգամ հայտ ներկայացնելով ներգրավվելու Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում՝ շնորհակալ եմ 2-րդ ընտրատարածքի հազարավոր քաղաքացիներին իրենց վստահության քվեն ինձ ուղղելու համար: Քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումները վստահեցրեցին ինձ, որ կողքիս է ուժեղ և բանիմաց քաղաքացիների բանակ, մեծ նպատակներով ու հավատով երիտասարդ սերունդ, ինչը ավելին է, քան պարզապես աջակցությունը: Ինձ համար հաճելի էր տեսնել ձեր մեծ գնահատանքը՝ ուղղված անցած իմ ճանապարհին և գործունեությանը:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրին՝ ջերմ ու բարի խոսքերի, բոլոր շնորհակալական նամակների և զանգերի համար: Ձեր վստահությունն ու հավատը ինձ ստիպում է կյանքի կոչել ապագայի բոլոր նպատակները, շարունակել լինել ձեր կողքին՝ ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ հետագայում»: