2020թ․ արտասահման ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումների ծավալը շուրջ 13 մլրդ դոլար է կազմել
2020թ․ արտասահման ռուսական ռազմական արտադրանքի մատակարարումների ծավալը շուրջ 13 մլրդ դոլար է կազմել, հայտնել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ինչ վերաբերում է պետական պաշտպանության պատվերին: Այսօրվա դրությամբ սպառազինությունների նմուշները, որոնք ընդգրկված են նախագահական ցուցակում, մենք ամբողջովին կատարել ենք։ Ինչ վերաբերում է ՌՏՀ-ին (Ռազմատեխնիկական համագործակցություն), մենք իրականացնում ենք այն նախագիծը, որը հաստատվել է նախագահի կողմից, եւ դրա ծավալը կլինի շուրջ 13 միլիարդ դոլար` համարյա նախորդ տարվա չափ»,- ասել է նա՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը հետաձգել է սպառազինության մատակարարումները մի շարք օտարերկրյա պատվիրատուներին, դադարեցրել է ուսումնառության համար օտարերկրյա ռազմական մասնագետների ընդունումը: Այս մասին անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Մարտին Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտարարել էր, որ զենքի եւ ռազմական տեխնիկայի ռուսական արտահանման պատվերների պորտֆելը 55 միլիարդ դոլար է կազմում, այն կայուն է՝ չնայած արեւմտյան պատժամիջոցներին: