Ալիևը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք: Այս մասին նա ասել է երկրի մշակույթի նոր նախարար Անար Քերիմովի հետ տեսակոնֆերանսի ընթացքում: «Ես Շուշին հայտարարում եմ ադրբեջանական մշակույթի մայրաքաղաք: Շուշի քաղաքն արժանի է դրան: Կարծում եմ, որ այն կարելի է համարել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև տարածաշրջանի մշակութային մայրաքաղաք», - ասել է Ալիևը: Նրա խոսքով ՝ Շուշին վերականգնելու աշխատանքներն արդեն սկսվել են: «Իմ հանձնարարությամբ այնտեղ մեծ պատվիրակություն է գործուղվել։ Անհրաժեշտ է ստուգել բնակարանային ֆոնդը, պատմական հուշարձանները, ճշգրիտ հաշվարկել վնասը և սկսել Շուշիի վերականգնումը: Այնուամենայնիվ, Շուշիի բնօրինակը, պատմական պատկերը պետք է վերականգնվեն՝ առանց ժամանակ կորցնելու, բայց միևնույն ժամանակ՝ առանց շտապելու», - հավելել է Ալիևը:
Ավելի վաղ՝ Ալիևը հայտնել էր, որ ինքը կարգադրել է միջազգային օդանավակայան կառուցել Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի քաղաքում: