Կարող է՝ ես ձեռքը բռնեմ, գիտակցության գա երեխաս․ անհետ կորած զինծառայողի հայր
Որ հաստատություն դիմում ես, հենց ընդունարանից ասում են՝ մենք անգիտակից հիվանդ չունենք, որի գիտակցությունն էլ տեղը չէ՝ ծնողը հետն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ ցույցի մասնակցող անհետ կորած զինծառայողի հայր Գեղամ Թադեւոսյանը, որի տպավորությամբ՝ ներքին հրաման է տրված՝ այդպես պատասխանել այցելուներին։ Նա վիրավոր զինվորի հրապարակված լուսանկարից է ճանաչել որդուն, սակայն որոնումները դեռ արդյունք չեն տվել։
Մեկ այլ ծնող ավելացրել է, որ իրենք շաբաթներ առաջ են իրենց որդիների մասին տվյալներն ու հայթայթած տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին, սակայն տեղաշարժ չկա։
«Մեկ ամիս առաջ քեռու տղան է զանգել Ֆրանսիայից, թուրքերն են պատասխանել։ Զրույցների ձայնագրություններն ունենք․ տարբեր տեսակի զանգեր են գնում այդ համարին։ Ակներեւաբար գերության մեջ է», ասել է անհետ կորած զինծառայողի հայր Գեղամ Պողոսյանը։
Ըստ Գ․Թադեւոսյանի՝ Գորիսից կոմայի մեջ են բերել են այն տղային, որի լուսանկարով ինքը որդուն է ճանաչել․
«Հիմա եկել պետությանն ենք հարցնում, պետության առաջին դեմքին ենք հարցնում՝ որտե՞ղ է մեր երեխան, դժվար է՞ երկրում մարդ գտնելը։ Թող Աստված կանչեն, որ երեխաս ողջ առողջ լինի։ Հեշտ պատասխան են գտել՝ ծնողը գտնվել է, թող այդ ծնողի հասցեն տան, գնամ այդ ծնողին տեսնեմ, այդ երեխային տեսնեմ։ Ինչպե՞ս կարող է 3 խալ տարբեր մարդկանց վրա նույն տեղում լինի։ ՊՆ-ում են մեզ ցույց տվել գիտակցությունը կորցրածների լուսանկարները, բայց ուր գնում ես, ասում են՝ անգիտակից չունենք։ Կարող է՝ ես ձեռքը բռնում եմ ու գիտակցության է գալիս երեխաս։ Մեր հողի վրա չենք կարողանում երեխային գտնել», ասել է Գեղամ Թադեւոսյանը։