Սուրբծննդյան խոհանոցային ավանդույթները Ֆրանսիայում և Իտալիայում
Երկրագնդի շատ անկյուններում Սուրբ Ծնունդը նշում են տարբեր ավանդույթներով: Տոնին հատուկ խոհանոցը նույնքան բազմազան է, որքան այն տոնող մարդիկ: Ստորև ներկայացնում ենք Ֆրանսիայի և Իտալիայի Սուրբծննդյան խոհանոցային ավանդույթները: Նյութը վերցրել ենք «CNN»-ից:
Ֆրանսիա
Ֆրանսիացիների Սուրբծննդյան ընթրիքը սկսվում է դեկտեմբերի 24-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում: Առաջին հերթին, նրանք վայելում են ծովամթերքից պատրաստված ուտեստը, որը սովորաբար օմար թերմիդորն է (lobster thermidor)` ջեռոցում պատրաստված օմար՝ մանանեխով, ձվի դեղնուցներով և կոնյակով, կամ շրիմպ սկամպիները (shrimp scampi):
Սեղանին դրվում է նաև աքաղաղ, կարտոֆիլի խյուս, ինչպես նաև կարագով և եղեսպակով տապակած շագանակներ:
Աղանդերը ֆրանսիական Սուրբծննդյան տորթն է: Սովորաբար մատուցվում են երկուսը՝ մեկը շոկոլադով, մյուսը՝ շագանակով: Լավագույն գինին, որը կարող եք ձեռք բերել, բուրգունդին է:
Իտալիա
Սուրբծննդյան նախօրեի ընթրիքի ժամանակ՝ որպես նախուտեստ, մատուցում են ապխտած սաղմոն՝ կարագով կրոստինիով, կամ ապխտած, աղ դրած ձողաձուկ:
Մյուս ուտեստը տորտելլինին է՝ լցոնած մակարոնը հավի և պարմեզան պանրի տաք արգանակում:
Որպես հիմնական ուտեստ՝ հյուսիսի իտալացիները լցոնած հնդկահավ են պատրաստում, մինչդեռ ծովափնյա շրջաններում երբեմն ջեռոցում պատրաստում են տապակած կարտոֆիլով և բանջարեղենով շրջապատված թառ ձուկ:
Սեղանի պարտադիր բաղադրիչը քաղցր հացն է: Իսկ սպումանտե փրփրուն գինին իտալացիների սիրելի խմիչքներից մեկն է, որը հաճախ զարդարում է Սուրբծննդյան սեղանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը